Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեր երկիրը քաղաքական «ճիճվաթափության» խիստ կարիք ունի

Մեր երկիրը քաղաքական «ճիճվաթափության» խիստ կարիք ունի
03.10.2013 | 15:35

Կանխավ հայցում եմ մասնագետ բժիշկների ու կենսաբանների ներողամտությունը այս վերլուծության համար:
Վերջերս շատ է գրվում ու խոսվում այն մասին, որ Երկրագունդը կենդանի օրգանիզմ է, որ կենդանի օրգանիզմ է ցանկացած հասարակական-քաղաքական կառույց, այդ թվում ազգը: Այս հարցի շուրջ բանավիճելու ի զորու չեմ, սակայն այս տեսակետն ինձ համար միանգամայն ընդունելի է, զարգացնելու համար այն գաղափարը, որն արդեն երկար ժամանակ զբաղեցնում է ուղեղս ու միտքս:
Եթե ընդունենք, որ ազգը կամ պետությունը կենդանի օրգանիզմ է, ապա կարելի է զուգահեռներ անցկացնել նրա և մարդու օրգանիզմների միջև: Ասենք՝ Ազգային ժողովը պետություն-օրգանիզմի ուղեղն է, որն օրենքներ ու որոշումներ է ընդունում, կառավարությունը սիրտն է, որն օրգանիզմի պահանջմունքներին համապատասխան գործառույթներ է իրականացնում, երկրի նախագահը գլխուղեղի կեղևն է՝ գերագույն որոշումներ ընդունողը, պաշտպանության նախարարությունը՝ օրգանիզմի պաշտպանիչ իմունային համակարգը, մշակույթը ազգի հոգին է և այլն: Նման կոպիտ համեմատությունները կարելի է շարունակել, բայց դա արդեն կարևոր չէ: Ինձ հետաքրքրողը միանգամայն այլ հարց է:
Վիճակագրությունը պարզել է, որ երկրագնդի բնակչության 95 %-ը վարակված է մակաբույծներով՝ պարազիտներով: Այսինքն, 100 մարդուց 95-ի մեջ առկա է այս կամ այն մակաբույծը: Մեկի մոտ դրա ներկայությունը զգացվում է, մյուսի մոտ՝ ոչ: Որոշ մարդկանց մեջ կարող են լինել նույնիսկ մի քանի տեսակի մակաբույծներ: Ես ներողություն եմ խնդրում, որ այսուհետ օգտագործելու եմ այս բառի ոչ թե հայերեն տարբերակը՝ մակաբույծ, այլ պարազիտ բառը:
Մակաբուծաբանության՝ պարազիտոլոգիայի դասագրքից, որը, ի դեպ, մատչելի է և օգտակար կարող է լինել ցանկացած գրագետ մարդու, տեղեկանում ենք, որ պարազիտիզմը գենետիկական հատկանիշ է, այսինքն՝ այդ օրգանիզմը ազատ, ինքնուրույն ապրել չի կարող: Նա պետք է ապրի մեկ այլ կենդանի օրգանիզմի հաշվին, որը կարող է լինել բույս, կենդանի կամ մարդ: Այս խնդրով զբաղվող մասնագետները ժամանակին առաջարկել են պարազիտներից ազատվելու՝ տոտալ ճիճվաթափության մեթոդներ, որոնք, ինչպես ցույց է տվել ժամանակը, արդյունավետ չեն: Որովհետև այդ անցանկալի օրգանիզմները, ինչպես տեղեկանում ենք դասագրքերից, ունեն ինքնապաշտպանական հզոր մեխանիզմներ, որոնք ապահովում են նրանց ինքնավերարտադրությունը:
Ի վերջո, ի՞նչ է պարազիտիզմը: Դա կենդանի օրգանիզմների միջև հարաբերության ձև է, որի ժամանակ մի օրգանիզմը՝ պարազիտը, ապրում է մեկ այլ օրգանիզմի՝ տիրոջ հաշվին, վնաս պատճառելով վերջինիս, խանգարելով նրա բնականոն կենսագործունեությունը, երբեմն նրան հասցնելով մահվան: Յուրաքանչյուր տեսակի պատկանող պարազիտ տիրոջ օրգանիզմում ունի իր որոշակի տեղը՝ օրգանը կամ համակարգը, ունի այդտեղ իրեն հարմար զգալու և ապրելու բոլոր միջոցները: Որպես կանոն դրանք ունեն լավ զարգացած վերարտադրողական համակարգ իրենց սերնդի գոյությունն ապահովելու համար: Ասածս ի՞նչ կցուցանե. այն, որ ազգն ու պետությունն էլ, որպես կենդանի օրգանիզմ, ունեն իրենց պարազիտները: Կարծում եմ՝ վիրահատական գործիքներ ու մանրադիտակ պետք չեն, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա տեսնել մեր երկրի ու պետության պարազիտներին: Ցավոք, դրանք այնքան շատ են, որ մեկ-մեկ հնարավոր չէ թվարկել: Ամբողջ պետական համակարգը խճողված է տարատեսակ պարազիտներով: Դասագրքից տեղեկանում ենք, որ պարազիտները լինում են արտաքին տեղակայման, որոնք տեսանելի են, օրինակ՝ ոջիլները, տզերը, և ներքին տեղակայման, որոնք չեն երևում, բայց, ըստ հասցրած վնասի և բացահայտ ախտանիշների, դրանք ակնհայտ են դառնում: Լավ օրինակ են աղիներում տեղակայված որդերը՝ երիզորդներն ու ասկարիդները, որոնք ապրում են տիրոջ ընդունած սննդի հաշվին: Իրենք ապրում են, տիրոջը զրկում են իր կերածը յուրացնելու հնարավորությունից: Բացի այդ, իրենց արտադրած արգասիքներն էլ թունավորում են տիրոջ օրգանիզմը: Մի՞թե մեր երկրի բյուջեն թալանողները նման չեն այս պարազիտներին: Երկրի բյուջե ներմուծված հարկերը փոխանակ նպատակաուղղվեն աշխատավարձ ու թոշակ բարձրացնելուն, թալանվում են, ժողովրդին թողնելով աղքատության մեջ:
Մարդու արյան մեջ ապրում են միաբջիջ պարազիտներ, որոնք, արյան հետ օրգանիզմում շրջագայելով, թափանցում են գլխուղեղ, առաջացնելով քնախտ հիվանդությունը, որով վարակված մարդը դառնում է անտարբեր, անընդհատ քնել է ուզում և վերջապես մահանում է: Մեր կառավարությունն էլ անընդհատ ծրագրեր է մշակում, խոստումներ է տալիս, բուռն գործունեության պատրանք է ստեղծում, աճի թվեր է նկարում, որի արդյունքում ժողովրդի վիճակը չի լավանում: Դրանից ժողովուրդը դառնում է անտարբեր, ընկնում է ընկճախտի ու թմբիրի մեջ, իսկ մի մասն էլ լքում է երկիրը:
Այսպես կարելի է մի շարք զուգահեռներ տանել մարդու տարբեր օրգաններում՝ լյարդում, թոքերում, մկաններում, աչքում և այլուր տեղակայված պարազիտների և մեր երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում բուն դրած պարազիտ-գործիչների միջև: Դժբախտաբար, մի ամբողջ գիտական (դոկտորական) թեզի թեմա կա:
Այս ամենի մեջ ամենասարսափելին մարդու գլխուղեղում բուն դրած պարազիտներն են՝ խոզի երիզորդի թրթուրները, որոնք պատահաբար են ընկնում այնտեղ, և, եթե հայտնվում են գլխուղեղի այնպիսի հատվածներում, որոնք կենսական նշանակություն ունեն, մարդը մահանում է, որովհետև վիրահատական միջամտությամբ դրանք դուրս բերելը գործնականորեն անհնարին է: Եթե երկրի ուղեղ (մտածող, օրենքներ մշակող օրգան) համարվող խորհրդարանը դիտարկենք վերը նշվածի տրամաբանությամբ, կտեսնենք, թե որքան պատահական մարդիկ են հայտնվում այնտեղ ոչ օրինական ճանապարհով՝ չը՛նտրություններով: Եվ եթե նրանք կենսական կարևոր որոշումներ պետք է ընդունեն (և ընդունում են) կրթության, առողջապահության, գիտության և այլ ճյուղերի համար, ապա ակնհայտ է դառնում, որ մեր երկրի գոյությունը լրջորեն վտանգված է:
Բա լավ, ի՞նչ անել: Էս պարազիտներից ո՞նց ազատվենք: Կենսաբաններն ասում են, որ ցանկացած պարազիտի պարագայում պետք է գտնել նրա կենսական ցիկլի ամենաթույլ օղակը և, միջոցներ կիրառելով, ընդհատել դրանց հետագա զարգացումը: Ցանկացած երկրում դրանց վերարտադրության ամենաթույլ օղակը ընտրություններն են: Մեր երկրի պարագայում, ինչպես այս 20 տարիների փորձը ցույց տվեց, դա անհնար է: Պետք է փորձել այլ մեթոդներ: Սովետի ժամանակ տարին մեկ անգամ ազգաբնակչությանը հատուկ դեղահաբերով ճիճվաթափության էին ենթարկում: Հիմա մեր իշխանություններն էլ ժամանակ առ ժամանակ ոմանց պաշտոնանկ են անում, բայց դրանից բան չի փոխվում: Դրանք մի տաք տեղից մի այլ տեղ են թափանցում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, պարազիտիզմը գենետիկական հատկանիշ է: Չինաստանում կաշառակեր չինովնիկին մահվան են դատապարտում, գնդակահարում են: Հետո նրա ընտանիքին կտրոն են ուղարկում, որ բանկում վճարում կատարեն այն փամփուշի համար, որով իրենց ընտանիքի անդամին գնդակահարել են: Այսինքն, հատուկենտ պարազիտների քոքը կտրում են: Ա՛յ դա իսկական պայքար է կոռուպցիա կոչվող պարազիտիզմի դեմ: Մեր երկրում այդ մեթոդի ներդրման շնորհիվ, միայն փամփուշտների համար կատարվող վճարումներով, բյուջեն արագորեն կլցվի:
Ինչպես արդեն ասվեց, մարդկանց 5 %-ը լրիվ զերծ է պարազիտներից: Այդպիսի երկրներ էլ կան՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Սինգապուրը: Ինչի՞ շնորհիվ: Նրանք ունեն երկիր կառավարելու մշակույթ, իշխանավորները մտածում են ժողովրդի մասին: Ժողովուրդն էլ նրանց վստահում է: Մենք դա չունենք, ուրեմն դատապարտված ենք պարազիտների փայ դառնալո՞ւ: Ո՛չ: Կան այլ մեթոդներ ևս: Վիրահատական մեթոդը, որի ժամանակ բացում են հիվանդի որովայնը և դուրս թափում որդերը: Դա, իհարկե, հիվանդի կյանքին սպառնացող ռիսկեր է պարունակում: Մնում է միակ, անվտանգ ու հուսալի մեթոդը՝ բարձրացնել օրգանիզմի իմունիտետը, որի ժամանակ ոչ մի պարազիտի ձու, որը հետո պիտի դառնա հասուն որդ, չի կարող այդ օրգանիզմում զարգանալ: Փոքր տարիքից երեխաներին պատվաստումներ են կատարում իմունիտետը բարձրացնելու համար: Ազգի և երկրի պարագայում դպրոցական տարիքից երեխաների մեջ պետք է դաստիարակել երկրի տերը լինելու գաղափարը, որը կդառնա երկրի ապագա իմունիտետի կայուն երաշխիք: Խելոք, բանիմաց, գրագետ, իրեն երկրի տեր զգացող քաղաքացին պարազիտիզմ չի հանդուրժի: Դա՝ հետո, իսկ հիմա՞: Հիմա պետք է անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել «պարազիտիզմ» երևույթի դեմ: Ձերբազատվել «պարազիտներից պրծում չկա» պարտվողական հոգեբանությունից, պետք է տեր կանգնել սեփական երկրին ու մեր իրավունքներին, ընտրությունների ժամանակ պարազիտներից ողորմություն չխնդրել, որ հետո ստիպված լինենք հանդուրժել դրանց զզվելի ներկայությունը մեր օրգանիզմում: Երկրից հեռանալը ելք չէ, քանզի համոզված չենք, որ չենք ծառայելու օտար երկրի պարազիտներին: Անհրաժեշտ է ըմբոստ կեցվածք ընդունել և պարազիտներից ազատվելու պատրաստակամություն ունենալ: Այդ դեպքում երկիրն ինքնըստինքյան «ճիճվաթափ» կլինի: Ցանկացած օրգանիզմի, այդ թվում նաև՝ պարազիտների կենսական ցիկլը տևում է որոշակի ժամանակ, մեկինը՝ երկար, մյուսինը՝ կարճ, բայց ի վերջո ավարտվում է: Մերոնց ժամանակը հասել է: Կան ակնհայտ նշաններ:


Սուսաննա ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հ. Գ.- Որպես կանոն, պարազիտները տիրոջը վնասում են, բայց չեն ոչնչացնում, որովհետև միջավայրի բացակայությունից կոչնչանան նաև իրենք: Ի տարբերություն կենսաբանական պարազիտների, մեր երկրի պարազիտներն այդ բանի գիտակցումը չունեն. անխնա հոշոտում են երկիրը, կեղեքում են ժողովրդին: Կարծում են՝ էս ալան թալանից, առուփախից հետո կհանգրվանեն ուրիշ երկիր-օրգանիզմներում, որովհետև, ինչպես մի քանի անգամ նշեցինք, պարազիտիզմը գենետիկական հատկանիշ է, իսկ այլ երկրները ուրիշ երկրի պարազիտներին չեն հանդուրժի: Հուսանք, որ դրանով կավարտվի նրանց ու նրանց զավակների պարազիտային ոդիսականը: Թո՛ղ այդպես լինի:

Դիտվել է՝ 31523

Մեկնաբանություններ